ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել:

Ուղերձում մասնավորապես նշվում է․

«32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի դեմ իրագործված ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը, որը թվով 3-րդն է Բաքվում հայերի դեմ՝ 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո: 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:

Փաստերը վկայում են, որ ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը ներկայացրել են՝ որպես սրտային խանգարումներ)։ Տարբեր տվյալներով սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ: Խոսքը էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտանգելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից:

Leave a Reply