1990 թ. հունվարի 12-15-ին, Բաքվի ջարդերին զուգահեռ` ադրբեջանցի ջարդարարները կազմակերպված հարձակում գործեցին Հյուսիսային Արցախի Մանաշիդ, Ազատ և Կամո գյուղերի վրա՝ էթնիկական զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու նպատակով: Այդ առնչությամբ  պ. գ. թ., դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ Մհեր Հարությունյանը մասնավորպես նշել է.«Այն, որ ագրեսիայի այդ բացահայտ ակտը հրահանգված էր ու ղեկավարվում էր ահաբեկչական մի կենտրոնից՝ Բաքվից, պարզ դարձավ տակավին հունվարի 11-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի կազմակերպած հանրահավաքում հնչեցված Բաքվից հայերի վտարման և դեպի Արցախ լայնածավալ զինված հարձակում գործելու կոչերից: Սակայն Հյուսիսային Արցախի աննկուն պաշտպանները արժանի հակահարված հասցրին ադրբեջանական հրոսակախմբերին և ստիպեցին ճողոպրել մարտի դաշտից: Արցախի դեմ լայնածավալ պատերազմի նախապատրաստվող թշնամին հատկապես խոցելի ու անպաշտպան թվացող հայկական բնակավայրերի ուղղությամբ նախաձեռնած ագրեսիվ հարձակումներով ոչ միայն ուժի գործադրմամբ փորձում էր ահաբեկել հայազգի քաղաքացիներին, այլև մարտական կիրառության մեջ էր դնում օկուպացիոն ուժերը: Հայկական կողմը համարժեք պատասխան էր տալիս և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում թշնամու ագրեսիային դիմագրավելու և հայրենի հողը պաշտպանելու համար»։