ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ պարտադիր կլինի: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած: 

Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը։ Օրենքը նախատեսում է որպես ցեղասպանություն ներառել Հոլոքոստը, Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմումն Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված բռնությունները և Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնությունները: