Արցախում կան բնակավայրեր, որոնց մասին երբևէ լսած չես լինի կամ չես կարդա մամուլում։ Դրանցից մեկը Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղն է։

Ճանկաթաղը խորհրդային տարիներին կրել է Չինգաթաղ, Ջանիաթաղ անվանումները։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անցել է ադրբեջանցիների հսկողության տակ ու ավերվել։ Բնակավայրի ազատագրվելուց հետո 1994-ին ճանկաթաղցիները վերադարձել են տուն ու գյուղին վերադարձրել իր պատմական անվանումը։ Գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Վրեժ Խաչատրյանի խոսքով՝ գյուղում ադրբեջանցիներ երբեք չեն ապրել, ինչի պատճառով էլ նրանք գյուղը գրավելուց հետո փորձել են հիմնահատակ քանդել այն։

«Հիմա դիմացի բարձունքում ադրբեջանցիներ են նստած, բայց խորհրդային տարիներին անգամ այդ հատվածը նրանց չի պատկանել, եղել է Արցախի կազմում։ Հիմա չգիտես ինչպես՝ նրանք հայտնվել են բարձունքի վրա։ Երբ խոսում են խաղաղության դարաշրջանի մասին, պիտի հասկանան, որ մեր թշնամին խաղաղություն չի ուզում, ի՞նչ խաղաղություն»,-ասում է դպրոցի ուսուցիչը։

2020-ի պատերազմի ժամանակ Ճանկաթաղը չի դատարկվել։ Կանայք ու երեխաները հիմնականում մնացել են գյուղում, իսկ տղամարդիկ կռվել են Արցախի տարբեր ճակատներում։