Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված  ցեղասպանությունները։ 

Ինչպես հայտնում է Neoskosmos-ը, սա հաջորդում է 2021 թվականի նոյեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված միջնորդությանը, որով կոչ էր արվում կառավարությանը պաշտոնապես ճանաչել այս ցեղասպանությունները։

Համայնքների նախագահները նամակում պնդել են, որ 2021 թվականի դրությամբ աշխարհի 31 երկիր ճանաչել է այդ ցեղասպանությունները։

Նամակում նշվում է՝ «ժամանակն է, որ Ավստրալիայի կառավարությունը նույնպես պաշտոնապես ճանաչի այս ցեղասպանությունը»:

Կոչը փոխանցվել է նաև արտաքին գործերի նախարար Մարիզ Փեյնին և այլոց: