ԱՐԿՆԻ, Արղնի. բերդաքաղաք Արևմտյան Հայաստանի Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում, Պաղին գետի աջափնյակում բարձրացող դժվարամատույց լեռան գագաթին: 1051թ. Հաբելի որդի Հարպիկ իշխանը, Դավիթ, Լևոն և Կոնստանդին եղբայրների հետ, Արկնի բերդում հաջողությամբ դիմադրել է բյուզանդական զորքին: 1062թ. Արկնին գրավել և զգալիորեն ավերել են սելջուկյան թուրքերը: 1555 թվականից անցել է օսմանյան Թուրքիային, հետագայում մտցվել է Տիգրանակերտի նահանգի մեջ:

XXդ-ի սկզբին ուներ մոտ 3 հազար բնակչություն: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով: Ունեին եկեղեցի (Ս.Սարգիս): Արկնիից վեր՝ անմատչելի ժայռի վրա, պահպանված էր Ս.Աստվածածին կամարակապ, գմբեթավոր վանքը (կառուցված 1433թ.):

Արկնիի հայերի մեծ մասը զոհվել է 1915թ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ: Փրկվածները գաղթել են տարբեր երկրներ: