Ինչո՞ւ պիտի Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայացուցիչների հանդիպումը երկար տևեր, եթե հակառակ կողմն իրականում նպատակ չունի Հայաստանի հետ հաշտության, խաղաղության ճանապարհով գնալու: Այլ հարց է՝ հայկական կողմը դա հասկանո՞ւմ է, թե՞ չի հասկանում: Եթե հասկանում է, ապա հայկական կողմին ի՞նչն է հետաքրքրում, եթե չի հասկանում, ապա ինչո՞ւ չի հասկանում: Ահա թե ինչ է ասում այս մասին վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը․ 

«Երբ սկիզբ առավ Դավութօղլուի ՝՝0 խնդիր բազմաթիվ հարևաններ՝՝ գաղափարախոսությունը, այնտեղ նշված էր, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանն անջատեն սփյուռքից: Ինչպե՞ս է հնարավոր Հայաստանը սփյուռքից անջատել՝ Թուրքիայի հետ բարեկամությամբ՝ թվացյալ բարեկամությամբ: Հանդիպումը 1.5 ժամ տևեց, որովհետև նրանք խոսելու բան չունեին, որովհետև Ռուբինյանը և Քըլըչը հանդիպել են՝ հանդիպելու համար և բովանդակային խոսակցություն չի եղել, չի լինելու: Պատվիրակությունները խոսելու են արարողակարգային հանդիպումների մասին, որ կարևոր է հաշտությունը և այլն: 

Մի դեպքում, կարող է ռազմական էքսպանսիա լինել, երբ զորքով է մտնում Հայաստան:  Դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանը Ռուսաստանի տնտեսական, քաղաքական շահերի կետում է և պատահական չէ, որ իր զորքը դրել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին, կամ ավելի ճիշտ՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանների մեջտեղում, հետևաբար Թուրքիան չի կարող ուժով մտնել ՀՀ: Այսինքն՝ Թուրքիան  նպատակ ունի Հայաստանի հետ «բարեկամության» հասնելով՝ աստիճանաբար հասնել նրան, որ Հայաստանից դուրս գա ռուսական զորքը: Մյուս կողմից՝ Թուրքիան նպատակ ունի, որ Հայաստանը վերջապես ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և ստորագրի տարածքները ճանաչելու պայմանագիր: Կամ, այլ կերպ ասած՝ ճանաչի երբևէ չգործած Մոսվայի և Կարսի պայմանագրերի գոյությունը: Եթե Հայաստանը կնքի Թուրքիայի հետ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագիր և ճանաչի Կարսի և Մոսկվայի պայմանագրերի իրավականությունը, կստացվի, որ Թուրքիան հասնում է իր 100 տարվա նպատակին»: