Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական տառեր՝ աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա

Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում, զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատը: Ըստ գերմանացի գիտնականների՝ հավանական է այն վարկածը, որ ջահով ու գրչով ծերունին Մեսրոպ Մաշտոցն է՝ հայ գրերի գյուտի հեղինակը: Ինչ վերաբերում է ինքնին տառերին, ապա հարկ է նշել, որ Տյեպոլոյի որմնանկարի վրա դրանք 43-ն են՝ 7-ով ավելի, քան Մաշտոցի տառերն են: Պատկերելով հայկական գրերն ու դրանց ստեղծողին՝ Տյեպոլոն միգուցե ցանկացել է հանրությանը ներկայացնել աշխարհում առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովրդին: Իսկ տառերում ինչ-որ գաղտնի հաղորդագրություն է թաքնված, որը, սակայն, մինչ օրս բացահայտված չէ»: