կայսրն ամուսնացնում հայերին

Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայ որբերի ճակատագրերը տարբեր կերպ են դասավորվել։ Նրանցից 40-ը հայտնվել էին Եթովպիայում, դարձել կայսերական նվագախմբի անդամ։ Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է զրուցել նրանցից մեկի որդու հետ։

Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

Մոտ երեք տարի առաջ Sputnik Արմենիան հոդված հրապարակեց այն մասին, թե ինչպես 1924 թվականին 40 հայ որբեր ստեղծեցին Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը։ Եվ ահա, Ամանորից մի քանի օր առաջ մեզ հետ կապ հաստատեց նվագախմբի երաժիշտներից մեկի որդին։ Պայմանավորվեցինք հանդիպել հունվարի կեսերին։

Երկու շաբաթ հուզմունքով սպասեցի հանդիպմանը, վերընթերցեցի հոդվածը։ Եթովպիայում 40 հայ որբերի հայտնվելը, կայսերական նվագախմբի ստեղծումը, կայսեր թագադրման ժամանակ Եթովպիայի օրհներգի կատարումն ինքնին հրաշք էր, իսկ հետո այդպիսի բախտ վիճակվեց հանդիպել մի մարդու, ով արյունակցական կապեր ուներ այդ իրադարձությունների մասնակցի հետ։ Ինձ դիմավորեց Վաչե Զատիկյանը՝ 80-ամյա աշխույժ մի ծերունի, Գրիգոր Զատիկյանի և Սիրան (Սիրուն) Մաղաքյանի որդին։ Նախքան իմ հարցերին պատասխանելը, տարեց պարոնը բացեց ծեծված կապույտ ճամպրուկը և զգուշորեն հանեց լուսանկարներ ու տարբեր փաստաթղթեր: «Ե՛վ մայրը, և՛ հայրը որբ են դարձել, հայրը ծնվել է 1906 թվականին Մալաթիայի նահանգի Դարանդա գյուղում, իսկ մայրը՝ Վանում՝ 1914 թվականին։ Երկուսն էլ հրաշքով փրկվել են Եղեռնի ժամանակ և հայտնվել որբանոցում»։ Պարոն Զատիկյանը ճամպրուկից հանում է մաշված թերթիկ, խնամքով հարթեցնում ու սկսում կարդալ, սա իր հոր ինքնակենսագրությունն է։ Վաչե Զատիկյանը հստակ չգիտի, թե իր հայրը քանի հարազատ է կորցրել (այն տարիների ողբերգական իրադարձությունների մասին նա չէր սիրում խոսել)։ Նա միայն գիտի, որ իր հայրը քույր ուներ, որին թուրքերը տարել էին…

Գրիգոր Զատիկյանի ինքնակենսագրությունից տեղեկանում ենք, որ Մոսուլում նրան պատսպարել են Համահայկական բարեգործական միության ներկայացուցիչները և 1919 թվականին տարել Բաղդադ՝ Պակուպ կոչվող ապաստարան, 1921 թվականին՝ Բասրա, 1922 թվականին՝ Արարատի ապաստարան Երուսաղեմում։ Նույն «Արարատյան» մանկատանն է հայտնվել նաև Վաչե Զատիկյանի մայրը՝ Սիրանը, և Մուշեղ հորեղբայրը (մինչ այդ նրանք երկու եղբայրների հետ Էջմիածնի մանկատանն էին, եղբայրները մնացել են Հայաստանում)։ Զատիկյանը շատ բան չգիտի մորական տատիկի ու պապիկի մասին, միայն որ տատիկը մահացել է Էջմիածնում։ Նա հիշում է, որ մայրիկի հետ գնացել է հին գերեզմանատուն, մայրը ծաղիկներ է դրել պատահական գերեզմանի մոտ, քանի որ չգիտեր, թե որտեղ է թաղված իր մայրը։

Երուսաղեմի «Արարատյան» մանկատանը հայ որբերի համար գործում էին տարբեր խմբակներ։ Վաչե Զատիկյանը ցույց է տալիս կավե ափսե. 1924 թվականին հայրն այն պատրաստել էր իր ձեռքերով մանկատանը, խեցեգործության արհեստանոցում։ Գործում էր նաև թատերախումբ, ինչի մասին վկայում են պահպանված լուսանկարները, որոնցում պատկերված է նաև Վաչե Զատիկյանի հայրը՝ Գրիգորը։ Այս տարիներին ստեղծվել է ապաստարանի փողային նվագախումբը՝ «Fanfare Group»-ը։ Նվագախմբի երաժիշտների թվում էին Վաչե Զատիկյանի հայրը (բաս շեփոր) և քեռին (կլառնետ):

1924 թվականին Եթովպիայի վերջին կայսր Ռաս Թեֆերի Մակոնինը (ով այդ ժամանակ դեռ պաշտոնապես կայսր չէր, բայց գահի ժառանգորդն էր և երկրի փաստացի ղեկավարը), եվրոպական շրջագայության ժամանակ մեկնել էր Շվեյցարիա՝ ներկայացնելու Եթովպիան Ազգերի Լիգայում։ Ճանապարհին նա այցելեր էր նաև Երուսաղեմ՝ Հայոց պատրիարքարան, և լսել «Fanfare Group»-ի կատարումը: Մեկ տարի առաջ Արարատյան մանկատուն էր այցելել նաև կայսեր կինը, որը հուզվել էր հայ որբերի ելույթից և նրանց պատմությունից։ Թեֆերին այնքան էր տպավորվել երեխաների կատարումամբ, որ դիմել էր Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանին և ասել, որ ցանկանում է որդեգրել երեխաներին, իր հետ տանել Եթովպիա՝ խոստանալով խնամել որբերին, ապահովել նրանց սնունդով, բնակարանով և անհրաժեշտ ամեն բանով։

Մանկատունը լեփ-լեցուն էր, իսկ դա հնարավորություն էր տեղավորելու գոնե այս 40 որբերին։ Արքեպիսկոպոսն ու մանկատան ղեկավարությունը համաձայնում են։ 1924 թվականի սեպտեմբերի 6-ին Ադիս Աբեբա են ժամանում հայ երեխաները, որոնց շարքում էին Գրիգոր Զատիկյանն ու Մուշեղ Մաղաքյանը։ Սիրանը ուսումը շարունակելու նպատակով մնում է Երուսաղեմում (հետագայում տեղափոխվում Բեյրութ)։ Վաչե Զատիկյանի ճամպրուկում կա ևս մեկ հետաքրքիր լուսանկար, որտեղ պատկերված է կայսր Հայլե Սելասիեն՝ տոնական արարողության ժամանակ։ Կայսրի թիկունքում երեւում է հենց ինքը՝ Գրիգոր Զատիկյանը։ Հնարավոր է, որ սա լուսանկարը հենց թագադրման արարողությունից է։

«Որքան գիտեմ, սկզբում որբերն ապրում էին հենց պալատում կամ պալատին կից շենքում, ամեն դեպքում, կայսեր կողքին, նրա անմիջական հովանավորությամբ, հետո մի քանի որբերի բնակեցրին Ադիս Աբեբայում ապրող հայերի տներում։ Երեխաները ոչ միայն երաժշտական ​​գործիքներ էին նվագում, այլև սովորում էին արհեստներ: Հայրս, օրինակ, սովորել էր ժամագործություն և ոսկերչություն, նույնիսկ դարձել էր պալատական ​​ոսկերիչ, կայսրը գնահատում էր նրան և վստահում»,- պատմում է Զատիկյանը։

Մեր զրուցակցի հայրը շատ շուտով դարձավ Ադիս Աբեբայի ամենահայտնի ու հարգված ոսկերիչներից մեկը։ Նրա այցեքարտը դեռ պահվում է նույն կապույտ ճամպրուկում։ Տարիներ անց Սիրանը տեղափոխվեց Բեյրութի Քելեքյան և Սիսուան մանկատուն, բայց արդեն չափահաս էր, ուստի ստիպված էր լքել մանկատունը։ Նրա եղբայրը՝ Մուշեղը, թույլտվություն խնդրեց կայսրից՝ քրոջն իր մոտ տեղափոխելու համար։ Կայսրը համաձայնեց։ 1930-ականների սկզբին Սիրանը տեղափոխվեց Եթովպիա։ Գրիգորն ու Սիրանը նորից հանդիպեցին, այս անգամ երկուսն էլ չափահաս էին, սիրահարվեցին ու որոշեցին ամուսնանալ։

«Հայկական սովորության համաձայն հարսնացուին պետք է տանել հայրական տնից, իսկ Սիրանը հայրական տուն չի ունեցել, տեղի Համահայկական բարեգործական միության անդամները՝ Մարտիկյանները, իրենց տունն են առաջարկել ավանդական հարսանեկան արարողության համար»։

Երկու հայ որբերի հարսանիքը կայացել է արքայական շքեղությամբ և արքայական նվերներով։ Կայսրուհին Սիրանին նվիրել է գեղեցիկ պայուսակ և փղոսկրյա ծխամորճ, իսկ կայսրը Գրիգորին՝ արծաթյա ծխախոտի տուփ և մարգարտյա ծխամորճ։

1935 թվականին Եթովպիայում ծնվել է Գրիգորի և Սիրանի առաջնեկը, նրան անվանել են Անդրանիկ (հայերենից թարգմանաբար՝ «առաջնեկ»- խմբ.)։ Գրիգորը շարունակել է նվագել նվագախմբում, աշխատել որպես ժամագործ և ոսկերիչ, իսկ Սիրանը ասեղնագործության դասեր է տվել տեղի հայկական կիրակնօրյա դպրոցում։ Նրա տարբեր տարիների ասեղնագործությունները խնամքով պահվում են կապույտ ճամպրուկի մեջ, ներառյալ նրանք, որոնք ստեղծվել են դեռևս Երուսաղեմի մանկատանը: 1938-ին նրանք, ինչպես շատերը, ստիպված եղան լքել Եթովպիան՝ այնտեղ մտան ֆաշիստական ​​Իտալիայի զորքերը (օկուպացիայի ժամանակ Մուշեղ Մաղաքյանը գերի է ընկել, նա հայրենիք վերադարձավ միայն 1962-ին)։ Նրանք փախան Բեյրութ, Գրիգորը մի քանի տարի Բուրջ Համուդ թաղամասում փոքրիկ ոսկերչական խանութ ուներ։ Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, նրանք տեղափոխվեցին Հայաստան։ Գրիգոր Զատիկյանն այստեղ ժամագործ էր աշխատում՝ երբեմն էլ մանր զարդերի պատվերներ էր ընդունում։

«Քչերը գիտեն, որ 60-ականներին Սելասի կայսրը եկել է Երևան, ապրել «Արմենիա» հյուրանոցում, հայրս շատ էր ուզում հանդիպել նրա հետ։ Նա գնացել էր հյուրանոց, պահակներին բացատրել, որ կայսրը ճանաչում է իրեն, որ նա աշխատում էր պալատում որպես երաժիշտ և ոսկերիչ, բայց անվտանգության աշխատակիցները նրան չհավատացին, հանդիպումն այդպես էլ չկայացավ»։

Գրիգոր Զատիկյանը մահացել է 1982 թվականին, Սիրան Մաղաքյանը՝ 1987 թվականին։ Ընտանիքի անդամները հիշում են, որ տատիկը շարունակում էր ասեղնագործել նույնիսկ այն ժամանակ, երբ տեսողությունն իջել էր մինուս 14-ի։ Գրիգոր Զատիկյանն ու Սիրան Մաղակյանը միասին ապրել են մոտ կես դար։ Նրանք ապրում էին խաղաղության և ներդաշնակության մեջ: Իսկ վեճի պատճառ կարող էր լինել, օրինակ, եթե Գրիգոր Զատիկյանն իր հայրենադարձ ընկերների հետ զրույցում թուրքերեն բառեր էր օգտագործում։ Այդ պահին Սիրանը իսկապես զայրանում էր։

Զույգը հաճախ կարոտով էր հիշում Եթովպիան։ Կապույտ ճամպրուկում կան բազմաթիվ լուսանկարներ այս երկրից՝ կայսրից և կայսրուհուց, որոնք նրանք հաճախ են վերանայել։