Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար: 

Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսը ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի համար ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունն ու մեր երկրի տարբեր ոլորտներում առկա կարողությունները։  Հայաստանի ազգային օրը այս համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին։ Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։ 

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար: 

Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին կարող եք հետևել առցանց՝ հետևյալ հղումով: