Western Armenia TV-ի եթերում, թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը վերլուծեց ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի դիրքորոշումը, նշելով, որ Թուրքիան իրեն դասական կերպով է պահում, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է և Արևմտյան բլոկի մաս է կազմում։ Նա իր գործողություններով ցույց տվեց, որ Ուկրաինայի կողմից է և չի ընդունում Ռուսաստանի կատարած գործողությունները և պահանջները, անգամ օգնեց Ուկրաինային բայրաքթարներով և այլ զենք-զինամթերքով, սակայն մյուս կողմից էլ Թուրքիան չմասնակցեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Սա տիպիկ թուրքական մոտեցում է՝ խաղալ երկու լարի վրա, և սա այն ակտիվ չեզոքությունն է, որից կարելի է սովորել դիվանագիտական կամ քաղաքական առումով։ Հնարավոր է, որ Թուրքիայի այս քայլերը համաձայնեցված են արևմուտքի հետ, և նրան օգտագործում են որպես «վերջին կամուրջ»։ Անդրադառնալով  ռուսական գազի համար վճարումները ռուբլիով ընդունելու հիմնական պատճառին, նա նշեց, որ այդ կերպ փորձ է արվում հակազդել արևմուտքի պատժամիջոցներին, որն այնուամենայնիվ մեծ ռիսկեր է պարունակում իր մեջ։ Այս պարագայում արևմուտքը երկակի ստանդարտներով է առաջնորդվում՝ Ռուսաստանի նկատմամբ  կիրառում են ընդհանուր պատժամիջոցներ, սակայն իրենց վնասող հարցերում պատժամիջոցներ չեն կիրառում։