Ավանդության համաձայն՝ Անիի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր քաղաք, որը կոչել են Ակն։ 1300-1321 թվականներին Անիից այստեղ գաղթած հայերը հիմնադրել են իրենց թաղամասը՝ Ս. Հակոբ եկեղեցով։

Հնում Ակնը մտնում էր Փոքր Հայքի Երկրորդ Հայք նահանգի մեջ։ Նոր ժամանակներում մտել է երբեմն Կարինի, երբեմն՝ Խարբերդի, երբեմն էլ՝ Սեբաստիայի նահանգի մեջ։ XIV դարի սկզբին Ակնը գրավեցին թուրքերը։

1896 թվականի սեպտեմբերի 3-4-ին թուրք հրոսակները հարձակվեցին Ակնի, իսկ քրդերը՝ շրջակա հայ գյուղերի վրա, կոտորեցին բնակիչներին, կողոպտեցին ու հրդեհեցին տները։ Հետագա երկու տասնամյակում հայերը վերաշինեցին քաղաքը, Ակնում նորից կյանքն աշխուժացավ։ Մեծ եղեռնին Ակնը և շրջակա գյուղերը դատարկվեցին հայերից, որոնց մեծ մասը շուտով զոհ գնաց գաղթի ճանապարհին։ 1929 թվականի տվյալներով՝ Ակնում մնացել էր ընդամենը 41 հայ բնակիչ։