Խարբերդի բերդը գտնվում է Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում, Արածանի գետի ստորին հոսանքի ձախ կողմում: Բերդը հիմնադրվել է Ուրարտական ժամանակաշրջանում` Ք. ա. 9–8-րդ դարերում: Հնում մտել է Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառի մեջ: 

1236 թվականին բերդը գրավել են մոնղոլները: Այնուհետև բերդին տիրել են Լենկ Թեմուրի հորդաները, Ակ–քոյունլուների և Կարա–քոյունլուների թուրքմենական քոչվոր ցեղերը: 1507 թվականին Խարբերդ է ներխուժում պարսից շահ Իզմայիլ I-ի (1502–1524 թթ.) զորքը, որը կողոպտում ու ավիրում է Խարբերդը: 1515 թվականին Խարբերդին տիրում է Օսմանյան սուլթան Սելիմ I Ահեղը (1512–1520 թթ.): 1617 թվականին Խարբերդը հիմնահատակ կործանում և բնակիչներին սրի է քաշում Չոփան օղլի բեկը: 1834 թվականին վարչական նոր բաժանումով Խարբերդը մտնում է Տիգրանակերտի վիլայեթի մեջ։  XIX դարի վերջին և XX դարի սկզբին թուրք բարբարոսները ավերել են բերդը` քարերն օգտագործելով Մեզիրեում կառավարական շենքեր կառուցելու համար: