ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ | ԵՐԵՎԱՆ–2006

Անդրանիկի անկատար գործի իրականացման երազանքով

գիրքս նվիրում եմ հույսերիս պահապան պաշտելի թոռնիկներիս`
Դավթին, Մհերին, Տարոնին, Հայկին և նրանց սերնդակիցներին:
Հեղինակ
ԱՌԱՋԱԲԱՆ
Բոլոր ճշմարիտ մեծերի պես հայոց անմահների աստղաբույլի մեջ Նա տեղ գրավեց դեռ կենդանության ժամանակ և դարձավ մեր գալիք ոգորումների ոգեշնչողը և ընդմիշտ կմնա ազգի հավերժական երթի մշտարթուն դաստիարակ–ուղեցույցը: Արդեն մեկ դար հայ մարդը մղվում է դեպի նրա հմայիչ անձը, դեպի նրա վեհ անունն ու անանց գործը: 19–րդ դարավերջին, երբ, անդադար նվաստացուցիչ ողոքումներից զզված, արևմտահայերն իրենց կյանքի ու կայքի ապահովության համար արժանապատվորեն ձեռքները տարան զենքի ու արդար վրեժով սկսեցին պատուհասել բռնացողներին, հայ գյուղացու ընդվզման հրայրքից ծնվեցին դյուցազուն ազատամարտիկ ֆիդայիներ, որոնց անունները սիրելի են նաև այսօր: Իսկ նրանցից մեկը բարձրացավ ավելի վեր` դառնալով բոլորանվեր զինվոր հայրենասերի խորհրդանիշ:
ԱՆԴՐԱՆԻԿ զորավարն էլ պայքարի ասպարեզ մտավ ժողովրդի անել կարիքից, սնվեց ու կերտվեց ցեղի ձգտումներին ու ոգեղեն կերպարին համապատասխան: Հայությունը հոգու գրգիռներով ցանկացավ և մարտադաշտ եկավ նրա հերոսը: Եվ նա վաղ հասկացավ, որ իր ունեցած միակ թանկ ունեցվածքը` կյանքը, պարտավոր է լուռ սիրով և համեստ խոնարհումով նվիրել Հայրենիքին, որի անունից զինվորին մարտադաշտ հաղթելու էին ուղարկում նախնյաց գերեզմանները, սուրբ նահատակները, հայ մայրերն ու կույս աղջիկները, մանուկներն ու դողդոջ ծերունիները, նաև մանկության խինդալի արահետները, հայրենի երկրի մայրածոց անդաստանները:
Հենց ժողովրդի պես կենսասեր էր ու լավատես, նրա պես օժտված արդարամիտ խստությամբ: Որպես Սասնա ծուռ, բռնկուն բնավորություն ուներ և չէր վազում փառքի հետևից: Թույլի պաշտպանն էր, գաղթական հայրենակցի հուսալի նեցուկը: Իր զինվորի կարեկից ընկերն էր, բանիբուն դաստիարակը և սիրելի առաջնորդը: Անդրանիկը գաղթական հայի ու զինվորի հավաքական կերպարի մարմնացում էր և չունեցավ անձնական երջանկություն: Դեռ կենդանության օրերին ազգակիցները փառաբանեցին նրան, եղան նաև նսեմացնողներ: Իսկ ժամանակը, որպես անաչառ դատավոր, խոսեց անմահ զինվորի օգտին:
“Երկու հզօր հիմնական կիրք ունէր.–անվերապահ ատելութիւն դէպի մեր ազգային թշնամիները, ու խորին սէր դեպի ժողովուրդը. մանավանդ` խոնարհ խաւերը,–նկատել է զորավարի քարտուղար Ե. Քաջունին: –Եղաւ միշտ արդարամիտ ու յանդուգն` առասպելական չափերով: Կռիւ վարելու, դիրքեր ընտրելու իր ընդունակութիւնը մարգարէութեան կը մօտենար: Միշտ խնայեց իր զինւորները ու չնչին զոհերով մեծ գործեր կատարեց: Իբրեւ մարդ անշահախնդիր էր, ուղղամիտ ու արդարադատ: Ունէր սքանչելի յիշողութիւն եւ պատմելու շնորհք: Զինակիցները մնացին նրա ծանր ձեռքի տակ, միշտ կարգապահ ու հնազանդ, որովհետև նրա հրամանատարութեան տակ կռվի պահերին իրենք իրենց ապահով էին զգում: Իր գթասրտութիւնն ու արդարամտութիւնը յարգանք ներշնչեցին նոյնիսկ մեր թշնամիներուն” (1): 2
“Իր անհուն սէրը դեպի ժողովուրդը, խոնարհ, քրտնաջան, հարստահարուած ժողովուրդը եռում էր նրա բոլոր խօսքերի եւ բոլոր պատմութիւնների մէջ: Սոսկական սէր չէր այդ, այլ տարերային պաշտամունք բնութեան, մարդու, վաստակի, քրտինքի, մի տեսակ անդադրում խնկարկումն մի գերագոյն էակի, որի իդէալն էր–Հայ ժողովուրդը, Հայ Հայրենիքը եւ նրա ազատութիւնը:
Նա բարձրաձայն չէր ճչար, թէ ““ես ազգս կը սիրեմ”, բայց ինքը, համակ իր էությունը սէր էր հայ ազգի, կոյր, կատաղի, կրքոտ սէր: Երբեմն միայն, երբ իր քայլերն ու ծրագրերը դժվարութեան էին հանդիպում իր սիրած ժողովրդին օգնելու ճամբին, այն ժամանակ իր ներքին զգացմունքը ինչպէս մի զսպուած ջրվէժ պոռթկում էր ու նա կատաղօրէն մռնչում էր ձագերին վտանգ զգացող վագրի պէս: Նրա ձայնն այդ ժամերին դառնում էր ամպի որոտ եւ այդ դէպքերին նա հեշտութեամբ կարող էր եւ անիրավ, եւ անողորմ լինել: Եւ հայրենական ցաւի պոռթկումից դուրս նա ուրիշ զայրույթ չունէր: Իր մասնաւոր նիստուկացի մեջ ամենաանուշ մարդն էր, ամենահաւատարիմ ընկերակիցը” (2):
Անդրանիկի կերպարն ու գործը բարձր գնահատանքի են արժանացել նաև օտարների կողմից: Այդ տեսակետից բնորոշ է անգլիական “Բլեքվուդ մեգեզին” թերթի 1919թ. դեկտեմբերի 13–ի համարում տպագրված տեսակետը. “Երբեք չափազանցություն չի լինի ասել, թե մեծ պատերազմն ավելի հերոսական, ավելի դրամատիկ և ավելի հատկանշական դեմք չի տվել, քան այս հայ Զորավարը…”:
Մեծ Հայի մասին շատ է գրվել և, անշուշտ, կգրվի ապագայում: Իսկ այս գիրքը գրելու առիթ հանդիսացավ տարիներ առաջ ընթերցածս մի վավերագիր: Դա 1918 թվի մարտին դաշնակցական կուսակցության Թիֆլիսի բյուրոյից այդ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեին ուղարկված հեռագիրն է. “Այս րոպեիս մեկնում է սիբիրական վաշտը (ընդգծումը մերն է–Ռ. Ս. ), բաղկացած տաճկահայ գերիներից` ռուս սպաների գլխավորությամբ: Վաշտը կարգապահ զորամասի տպավորություն է թողնում: Այդ էշելոնում են գտնվում նաև 800 հոգի տաճկահայեր` Անդրանիկի հետ միասին: Ինքնապաշտպանության խորհրդի ասելով, Անդրանիկն ինքն է կազմակերպել այդ զորախումբը: Ազգային խորհուրդը դեմ լինելով նրա ճակատ ուղարկելուն, ինչու՞ ոչ մի միջոց ձեռք չի առել նրա մեկնումը խափանելու համար: Տեղեկացնելով ձեզ այդ մասին, Ազգային խորհուրդը կարծում է, որ դուք կարող եք Անդրանիկին այնպիսի խնդիր առաջադրել որևէ հեռավոր շրջանում, որ նրա գործունեությունը վատ ազդեցություն չունենա ձեր զորամասերի վրա: Սիբիրական վաշտը ցանկալի է թողնել ձեր զորախմբում: Անհրաժեշտ է, որ ձեր ցուցմունքները Անդրանիկը ստանա Ալեքսանդրապոլի հենց կայարանում” (3):
Իմանալով կուսակցական կապանքներ ու պարտադրանք չհանդուրժող Անդրանիկի և դաշնակցական շեֆերի անհաշտ հարաբերությունների պատմությունը, միտք ծագեց, որ զորավարի հասցեին մեղադրանքները շինծու են. դա պարզ դարձավ հետագայում: Ես ինձ հարց էի տալիս, մի՞թե հնարավոր էր, որ առանց ինքնապաշտպանության խորհրդի գիտության որևէ մեկը, անգամ Անդրանիկը, ինքնագլուխ զորախումբ կազմակերպեր և առանց հայոց քաղաքական հարցերի այդ պահի ղեկավար Ազգային խորհրդի համաձայնության զորախումբը շարժեր դեպի ռազմաճակատ: Զորավարը չէ՞ր հասկանում, որ, ըստ հեռագրի հեղինակների, ավելի քան հազար հոգանոց զորքը ֆիդայական փոքրիկ ջոկատ չէ, որ առանց թիկունքային մատակարարման, առանց վերին հրամանատարության ռազմական ծրագրի կազմավորվեր, հանդերձավորվեր, կերակրվեր, ռոճիկ ստանար և այլն: Հեռագրից էլ է զգացվում, որ Ազգային խորհրդում մեծամասնություն կազմող դաշնակցականները պարզապես հերթական “փոսն են փորում” իրենց հետ տարաձայնություններ ունեցող, ըստ այդմ անցանկալի զորավարի առջև, ուստի Ալեքսանդրապոլի իրենց կոմիտեի ղեկավարից պահանջում են նրան մեկուսացնել ռազմաճակատի առաջին գծից, “խնդիր առաջադրել որևէ հեռավոր շրջանում”: 3
Ինչևէ, հեռագիրն ընթերցելուց հետո միտքս զբաղեցրեց հաղորդումը ՍԻԲԻՐԱԿԱՆ ՎԱՇՏԻ մասին, որը ժամանակակիցների վրա “կարգապահ զորամասի տպավորություն” է թողել: Իսկ ինչու՞ արևմտահայ ռազմագերիները Սիբիրից պիտի գային և ինչու՞ նրանց պիտի ղեկավարեին ռուս սպաները, ովքե՞ր էին նրանք: Հետագայում տարբեր հեղինակներ իրենց աշխատություններում, առանց մանրամասնելու, օգտագործել էին “Սիբիրական գունդ”, “Սիբիրական գումարտակ” բառակապակցությունները և ոչինչ ավելի: Հարցերի պատասխանն իմանալու համար 1990–ականների հիրավի դժվարին ժամանակներում անհրաժեշտ եղավ հասնել Իրկուտսկ և Ուլան–Ուդե, թերթել Մոսկվայի ու Երևանի արխիվներում պահվող վավերագրերը: Այս զրուցարանն այդ ուսումնասիրությունների արդյունքն է և թող մի համեստ էջը դառնա մեծ հայորդու հերոսական պայքարի պատմության, որի վերջին արարը սկսվել ու ավարտվել է Սիբիրական վաշտի հետ: Առաջին անգամ այս զորամիավորման ոդիսականի մասին 1919 թվականի փետրվար–ապրիլ ամիսներին Բաքվի “Նաշե վրեմյա” թերթում իր հուշագրությունն է տպագրել վաշտի հրամանատարներից մեկը, մեր ժողովրդի ազնիվ բարեկամ պորուչիկ Ալեքսեյ Գրիգորևիչ Կոլմակովը: Բարձր գնահատելով այդ լուսամիտ ռուս մարդու կատարած աշխատանքը, ձգտել ենք հավատարիմ մնալ նրա հուշագրությանը, կատարել անհրաժեշտ լրացումներ, ասպարեզ բերել Անդրանիկի վերջին զորքի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, մեր օրերում հավաքած բանավոր վկայություններ:
ՀԵՂԻՆԱԿ

___________________________________________________________________________________________________________

Ռուբեն Սիմոնյանի «ԱնդրանիկՍիբիրական վաշտի ոդիսականը» գրքի ռուսերեն թարգմանության հրատարակման առիթով

Զորավար Անդրանիկ. «Ափսոս, գործս կիսատ մնաց» 

Անդրանիկ Օզանյանը հայ ժողովրդի պատմության ամենաէպիկական կերպարներից է, ով բազմաթիվ հերոսական էջեր գրեց հայ ժողովրդի առանց այն էլ հարուստ հերոսական պատմության մեջ: Նա 30 տարի շարունակ պայքարեց հանուն իր ժողովրդի ազատության, նրա ազատ ստեղծագործելու իրավունքի, հանուն հայրենիքի անկախության եւ, ավաղ, իր երկրային կյանքի մայրամուտին՝ ամենավերջում, ցավով արձանագրեց. «»Ափսոս, գործս կիսատ մնաց»:
Այն որ Զորավարի գործը մինչ հաղթանակ չհասավ, ամենեւին էլ նրա մեղքը չէր, եւ ոչ էլ՝ նրա հավատարիմ զինակիցների: Արցախի մատույցներին Դաշնակից տերությունների անունից գնդապետ Թոմսոնը հավաստիացրեց, որ շուտով պատերազմը կավարտվի եւ հայությունը տեր կդառնա իր բոլոր իրավունքներին: Եվ իսկապես, պատերազմն ավարտվեց, շուտով գումարվեց Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որի աշխատանքների արդյունքում ձեւակերպվեց Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող բաժինը եւ վավերացվեց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը: Ու թեպետ հայության իրավունքները ձեւակերպվեցին, բայց մինչեւ այսօր դեռեւս չեն իրականացվել:

Զորավարը Արցախ եւ Շուշի չմտավ, ինչպես այնտեղ չմտավ Արեւմտյան Հայաստանի հայ ռազմագերիներից կազմված Սիբիրական վաշտը, որը Զորավարի հերոսական կերպարին ներդաշն մի հերոսական ճանապարհ էլ ինքն անցավ հեռավոր Սիմբիրսկ քաղաքից մինչեւ Կովկաս եւ մինչեւ Հայաստան՝ միանալու Անդրանիկի զորաբանակին, դառնալու Անդրանիկի վերջին զորքը: Զուր չէին անգամ պատմական այդ մաքառումները, քանզի պատմության անիվը որքան էլ երկար պտույտ գործեց, վերջապես տարիներ անց Արցախ եւ Շուշի առաջնորդեց հայ կամավորականների նոր ջոկատներ, որոնք ամբողջացրեցին Զորավարի անավարտ մնացած գործի այն բաժինը, ինչի շնորհիվ ազատագրվեց Արցախ աշխարհը:
Արդ, ազատագրված Շուշիում 2004 թվականի դեկտեմբերի 17-ին հիմնադրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Հայության արդար պահանջի եւ իրավունքների համար պայքարը թեւակոխեց մի նոր փուլ, եւ այդ փուլը կամբողջանա այն ժամանակ, երբ Արեւմտյան Հայաստանի հայը կվերագտնի Բնօրրան Հայրենիքում ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա կերտելու իր իրավունքը: Այդ ժամանակ միայն կամբողջանա Զորավարի երազը եւ ներկա սերունդների սրտում կամոքվի նրա կիսատ թողած գործի վերաբերյալ ցավն ու մտահոգությունը, իսկ Զորավարի ոգեղեն կերպարի առաջնորդությամբ նոր զորաբանակներ եւ սիբիրական վաշտեր կմտնեն Արեւմտյան Հայաստան ու Կարին:
Ահա հենց այս նվիրական եւ լուսավոր ու հերոսական կերպարների, նրանց իրական երազների ու նպատակների մասին է Ռուբեն Սիմոնյանի այս հրաշալի գիրքը, որի ստեղծման համար խորին շնորհակալություն ենք հայտնում հեղինակին ու հրատարակիչներին: Իսկ մենք ուրախ ենք, որ սույն ձեռնարկի իրականացման համեստ մասնակիցների շարքերում ենք, ինչը նշանակում է, որպես նոր ժամանակի նվիրյալներ, պայքարել հավերժի ճամփորդների հիշատակի վերարժեւորման եւ իրականացման համար:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ

26.03.2014 թ.

 Գիրքը ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղից 

Comments are closed.