Արդահանի բերդը կոչվել է նաև Քաջաց բերդ: Գտնվում է բարձր ու դժվարամատչելի ժայռաբլրի վրա: Գոյություն ունի հնագույն ժամանակներից: 9-րդ դարում անցել է Բագրատունիներին: Վերջիններս վերափոխել, ավելի են ամրացրել բերդը: 11-րդ դարում Արդահանի բերդը գրավել են վրացական զորքերը: 1236 թվականին բերդին տիրել են մոնղոլները: 1266 թվականին բերդն անցել է Սամցխե–Սաաթաբագո վրացական իշխանությանը: 15-րդ դարի սկզբին Արդահանի բերդը նվաճվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի (1402–1410 թթ.) կողմից: 1555 թվականին դարձել է Ախալցխայի փաշայության Արդահանի գավառի կենտրոնը: 1828 թվականի օգոստոսի 22-ին ռուսական զորքերը գրավելով Արդահանի բերդը` կիսավեր դարձրին այն: 1829 թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով Արդահանի բերդը կրկին տրվել է Թուրքիային: 1919 թվականի գարնանը Արդահանը հայ–անգլիական զորքերի կողմից ազատագրվել և միացվել է Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի տարածքում: 1920 թվականի նոյեմբերի սկզբին այն գրավել են Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորած թուրքական զորքերը: