Կազանջյանների ընտանիքը, որ վերապրել էր հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը, Առաջին աշխարհամարտից հետո Արևմտյան Հայաստանից  հասնում է ԱՄՆ, հաստատվում Նյու Յորքում: 1928-ին ծնվում է նրանց դուստրը՝ Աննան, որին պատիվ էր վերապահված պանծացնելու իր ազգը՝ որպես ամերիկյան տիեզերագիտության բնագավառի գիտնական։

Աննա Կազանջյանը Նահանգներում համարվելու էր առաջին կանանցից մեկը, ով աշխատել է նավատորմի համար նախատեսված ծրագրերի վրա: Տաղանդավոր հայուհին մեծ ներդրում է կատարում նաեւ ավիացիոն ոլորտում նավիգացիոն համակարգերի զարգացման գործում։ 

1957 թ. Աննա Կազանջյանը մշակում է հատուկ սկզբունքներ, որոնք հնարավորություն էին տալիս թիրախին հարված հասցնել 10 հազար մղոն հեռավորության վրա: Նրա հաշվարկները զետեղվում են գերգաղտնի հավաքածուում, որը հասանելի էր լինելու միայն երկրի բարձրագույն պաշտոնյաներին: Երկու տարի անց ՆԱՍԱ-ն, վերջապես կարողանալով օգտագործել այդ հաշվարկները, ի վիճակի է լինում մի քանի արբանյակներ գործարկելու:

Մեծահամբավ հայուհու անունը գրանցված է «Նյու Յորքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում։ Մահացել է Նյու Յորքում, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին։