ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ նշված է. «30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։ Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։ Ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց, վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը։Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը, և ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Արցախի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները»։