Western Armenia TV-ի եթերում բժիշկ, հոգեբույժ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց Արցախում կատարվող իրադարձությունները, նշելով, որ դրանք այնքան արագ են կատարվում, որ հասարակությունը դեռ մեկ խնդիրը չլուծած՝ հայտնվում է երկրորդ խնդրի մեջ։ Խնդիրները սկսվեցին հումանիտար աղետով, երբ մարտ ամսվա սկզբում անջատվել էր գազը, այնուհետև շարունակվեց Փառուխի և Քարագլխի դեպքերով։ Անդրադարձավ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 կետից բաղկացած «խաղաղության համաձայնագրին», նշելով, որ Արցախում ապրող յուրաքանչյուր բնակչի համար կարևորը անվտանգությունն է և իրենց բնիկ հողում ապրելու իրավունքի պաշտպանությունը։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ ՀՀ-ում հնչում են բազմաթիվ հայտարարություններ, որոնք Արցախում շատ սուր և ցավագին է ընդունվում։ Եզրափակելով խոսքը, պարոն Հակոբյանը հերքեց այն լուրերը, ըստ որի Արցախում սկսվել է ստորագրահավաք՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։