Արևմտյան Հայաստանի Ուրֆայի Վիրանշեհիր գավառում ենթադրաբար երկրորդ դարում կառուցված պատմական ամրոցը ոչնչացման վտանգի տակ է։ Չնայած ամրոցի և նրա շրջակայքի համար  պահպանվող տարածքի որոշում է կայացվել, այդ մասին ծանուցող որևէ ցուցանակ տարածքում չկա: Ամրոցում և շրջակայքում վերականգնման աշխատանքներ չեն կատարվում, պարիսպները փլուզման վտանգի տակ են։ Չնայած բոլոր ավերածություններին՝ ամրոցը պահպանում է իր շքեղությունը։

Ամրոցի շրջակայքում կան բազմաթիվ քարանձավներ, ժայռափոր դամբարաններ և ջրամբարներ, ինչպես նաև անտիկ բնակավայրեր։ Շուրջ 300 մեծ ու փոքր քարանձավներից մի քանիսը քաղաքացիները փակել են դռներով և օգտագործում են  որպես անասնագոմ։ Գլխավոր մուտքի ներսում կա մի մեծ քարանձավ, որը, ինչպես շատ պատմական շինություններ, հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Պահպանվել են միայն քարանձավի վերին մասի սյունակամարները, որոնք մասամբ ավերված են։