Արշիլ Գորկին(Ոստանիկ Ադոյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի Հայոց Ձոր նահանգի Խորգոմ գյուղում: 1915թ. հայերի հանդեպ կատարված ցեղասպանության հետևանքով լքել է Վանը և մոր ու 3 քույրերի հետ տեղափոխվել Էջմիածին, ապա` Երևան: 1924թ. տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սովորել է ազգային ակադեմիայում, ապա` արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից հինգ տարի դասավանդել է գծանկար և գեղանկար։ 1933թ. միացել է Նկարիչներին օգնության կառավարական ծրագրին և պատվերով ստեղծել Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1939թ. մասնակցել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ Արշիլ Գորկին միաժամանակ պատկանում է և’ սյուրռեալիզմին, և’ աբստրակտ-էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում: Համարվել է 20-րդ դարի ամերիկյան ամենազդեցիկ նկարիչներից մեկը: Նրա նկարները ցուցադրվել են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև` Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

Մահացել է 1948 թվի հուլիսի 21-ին։