Հնագույն Սողմաթար քաղաքը, որը գտնվում է Արևմտյան Հայաստանի Ուրֆայի Հառան գավառից 53 կիլոմետր հեռավորության վրա, ոչ միայն լույս է սփռում պատմության վրա, այլև շլացնում է իր գեղեցիկ ճարտարապետությամբ։ Չնայած նրան, որ հնագույն քաղաքը գրանցված է մշակութային և պատմական ժառանգության ցանկում, այն  մատնված է անուշադրության և անտարբերության։

Ըստ տեղեկության՝ Սողմաթարը կառուցվել է մ.թ. 2-րդ դարում: Բնակավայրը, որը կառուցվել է Թեքթեք լեռների շրջանում Օսրոյենե թագավորության օրոք, որտեղ իշխող գահատոհմի ներկայացուցիչների մեծ մասը կրել են Աբգար անունը, ծառայել է որպես լուսնի և երկրագնդի  աստվածների պաշտամունքի կենտրոն։ Սողմաթարում ձմռանը առատ տեղումներ են լինում։ Այդ իսկ պատճառով,  մեր օրերը հասած բազմաթիվ ջրամբարներում հավաքվող անձրևաջրերը բավարարում են ամռան ամիսներին լեռներում արածող անասունների ջրի կարիքը:

Սողմաթարում պահպանված  քարե արձանագրություններով բլուրները, արձաններն ու տարբեր պատկերաքանդակներով պատմական շինությունները շրջապատված են քարից պատրաստված տներով։