Ադանայի կոտորածը տեղի է ունեցել 1909 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Արևմտյան Հայաստանի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության հանդեպ։

Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու մեղքով։

Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց տասնհինգ օր իսկ երկրորդ ջարդը մայիսին՝ կրկին տասնհինգ օր։ Ադանայի(Կիլիկիա) կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։