Բայազեթի բերդը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում` Մակվա գետի հովտում: Մինչև 5-րդ դարի սկիզբը պատկանել է Արշակունիներին` հանդիսանալով նրանց ամրոց–գանձարանը: Այնուհետև անցել է Բագրատունիներին: 10-րդ դարում պատկանել է Արծրունյաց նախարարական տանը: 13-րդ դարում գրավել են մոնղոլները: 1555 թվականի Ամասիայի թուրք–պարսկական պայմանագրով Բայազետի բերդն անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ I-ի (1389–1402 թթ.)` 15-րդ դարից բերդը կոչվել է Բայազետ: 1828 թվականի օգոստոսի 28-ին հայ կամավորականների օգնությամբ բերդը գրավել են ռուսական զորքերը, սակայն, 1829 թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով վերադարձրել են Թուրքիային: 1854 թվականի հուլիսի 29-ին ռուսական զորքերը 2-րդ անգամ են գրավել Բայազետի բերդը, սակայն, Փարիզի 1856 թվականի մարտի 18-ի հաշտության պայմանագրով այն վերստին վերադարձրել են Թուրքիային: 1878 թվականի փետրվարի 19-ի Սան–Ստեֆանոյի ռուս–թուրքական հաշտության պայմանագրով Բայազետն անցնում է Ռուսաստանին, սակայն, նույն թվականի հուլիսի 1-ի Բեռլինի միջազգային կոնգրեսի որոշմամբ դարձյալ վերադարձվում է Թուրքիային: 1918 թվականի մարտին Բայազետի բերդին վերջնականապես տիրում են Անդրկովկաս արշավող թուրքական զորքերը: