Տեղի է ունեցել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Հունաստանի Կալամատա քաղաք:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսը: Իր խոսքում նա նշել է, որ 107 տարի առաջ տեղի ունեցած հայերի դեմ կատարված ցեղասպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ ընդգծելով անմեղ զոհերի հիշատակման և ոգեկոչման կարևորությունը:  Հանդես է եկել նաև Հունաստանի հայոց թեմի առաջնորդ` գերաշնորհ Տեր Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանն ընդգծելով, որ 107 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությանը հաջորդեցին Պոնտոսի հույների ու ասորիների ցեղասպանությունները։

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Պերիկլիս Մանդասն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հունաստանի խորհրդարանը շարունակելու է պահանջել միջազգային հանրությունից ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի այլևս մարդկությունը չառերեսվի նմանատիպ ոճրագործությունների հետ:

Սակայն Արեւմտյան Հայաստանը շատ լավ գիտի, որ ոչ թե ճանաչումն է կանխելու ցեղասպանությունը, այլ հատուցումը։