Հանդաբերդի ամրոցը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի  Քնարավան գյուղից 1 կմ արևելք, Լև գետի աջ ափին: Բերդը գտնվում է ծովի մակերևույթից 1665 մետր բարձրության վրա՝ անանցանելի անտառապատ լեռան գագաթին: Բոլոր կողմերից բերդը շրջապատված է ուղղաձիգ ժայռերով: Լեռան բնական արգելքների գլխավերևում վեր է խոյանում հզոր պարիսպը, որի բարձրությունը հասնում է 8մ, իսկ հաստությունը` 1,3մ: 

Հանդաբերդն առաջին անգամ հիշատակվում է 854 թ-ին: Բերդից 800 մ արևելք գտնվում են Հանդաբերդի վանքի ավերակները: IXդ. առաջին կեսին, Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանը կառուցեց բոլոր անհրաժեշտ միջոցները`   ապահով ու երկարատև պաշտպանության համար:

Համաձայն Դադիվանքում պահպանված մի խաչքարի արձանագրության՝ 1142-1182 թվականներին ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխան Հասան Վախտանգյանին: Ամրոցը Հանդաբերդ անվամբ հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու մոտ: Սկսած 13-րդ դարից՝ ամրոցը պատկանում էր Դոփյան իշխանական տանը: