Շուշիի շրջանի Եղցահող համայնքում նոր ջրագիծ է կառուցվում։ Այս մասին հայտնել է համայնքապետ Արտակ Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ՝ գյուղն ունի 46 տնտեսություն՝ 145 բնակչով, որոնք սիրով ու նվիրումով ապրում ու արարում են հայրենիքում։
«Պատերազմից հետո տեղահանված յոթ ընտանիք է հաստատվել գյուղում։ Նրանք ապահովված են բնակկենցաղային անհրաժեշտ պայմաններով։ Մարդիկ ընդգրկված են գյուղատնտեսական աշխատանքներում։ Ազատ բնակֆոնդում մոտ տասնհինգ տուն ունենք՝ հիմնովին ավերված, որոնցից տասը վերանորոգումից հետո կտրամադրենք տեղահանված այլ ընտանիքների»,-նշել է Ա. Հակոբյանը։
Գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունն այս օրերին բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն է, այգեգործությունը, նրանց շրջանում մեծ է մեղվաբուծությամբ զբաղվողների թիվը։ Գյուղն ապահովված է գազով, էլեկտրաէներգիայով, շուտով՝ շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Ըստ նախատեսվածի՝ առաջիկայում ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն։