Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ ոգեկոչման արարողության կապակցությամբ:

Ներկայացնում ենք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձից մի հատված.

«Հայերի ցեղասպանությունը պատմական որոշակի ժամանակահատվածում մեկ դրվագով իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործություն չէ, այն թուրք-ադրբեջանական տանդեմի մշտական նպատակն է, որն արտահայտվել է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում, 20-րդ դարավերջին Խորհրդային Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և Արցախում, 2020 թվականի աշնանը Արցախում։

Ժխտողականությունը, տարբեր երկրների, միջազգային կառույցների պատասխանատուների անհամարձակությունն ու քաղաքական-տնտեսական շահերով պայմանավորված անտարբերությունն էլ կանաչ լույս է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ իրենց հանցավոր նպատակները շարունակաբար կյանքի կոչելու։

Իսկ հայերիս համար ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քան մեկ դար անց էլ մնում է արդարության վերականգնման մշտական ձգտման վկայություն, որը զիջման ենթակա չէ»։