ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս:

Նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպություն «Գորշ գայլերը» գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո: Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է։

Իրականում ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են»: