Հենրի Մորգենթաուն ծնվել է 1856 թվի ապրիլի 26-ին Գերմանիայի Մանհայմ քաղաքում։ Մորգենթաուն, որպես ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից 1913 թվականին Օսմանյան կայսրությունում նշանակված դեսպան, իր գործունեության սկզբից բախվում է կայսրության տարածքով մեկ նախապատրաստվող զանգվածային ջարդերի մասին զեկուցագրերի ալիքին:

1915-ին, երբ Արևմտյան Հայաստանում հայերի հանդեպ ցեղասպանությունը նոր էր թափ հավաքում, Մորգենթաուն դեռևս թերահավատորեն էր ընկալում տեսածն ու լսածը։ 

Մորգենթաուն ԱՄՆ կառավարությանը բազմիցս հորդորել է միջամտել՝ դադարեցնելու համար հայերի բնաջնջումը։ 1915թ. նա Պետդեպարտամենտին խնդրագիր է ուղարկում՝ միջոցներ հայցելով հայերին օգնելու համար և նախազգուշացնելով, որ ռազմական անհրաժեշտությամբ  հայերի տեղահանությունն իբրև պատրվակ օգտագործելով՝ Թուրքիան իրականում նպատակ ունի բնաջնջել հայությանը։

Մոլեգնող կոտորածի հանդեպ պետությունների անտարբերությունից ցնցված, Մորգենթաուն 1916 թ. թողնում է դեսպանի պաշտոնը, որից երկու տարի անց հրապարակում է «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» վավերագրությունը, որում վեր է հանում զանգվածային սպանությունների ու տեղահանությունների վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը։