Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրիում։ Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Շիրազի հայրը սպանվում է իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։