Բելգիայի հայերի կոմիտեն սարսափով տեղեկացել է, որ երեկ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում վանդալիզմի է ենթարկվել հայերի հանդեպ կատարված ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար հուշարձանը: Հուշարձանը ներկվել է բոլորիս հայտնի ալ կարմիր երեք կիսալուսիններով։ Կոմիտեն խստորեն դատապարտում է պղծումը: Այս արարքը կարող է մեկնաբանվել միայն որպես թշնամանքի արտահայտություն և փորձ՝ վախեցնելու ծագումով հայ բելգիացիներին, որոնց մեծ մասը սերում է ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների հատուկենտ փրկվածներից։