1991 թվականի ապրիլի 30-ին սկիզբ է առել և միչև օգոստոս ամիսը շարունակվել ադրբեջանական ուժերի կողմից Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման, հայերի նկատմամբ վայրագությունների լայնածավալ «Կոլցո» (Օղակ) գործողությունը:

Դրա իրականացման հիմնական դերակատարն են եղել Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН), որին աջակցել են ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումները:Ապրիլի 30-ին գնդակոծվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, որի ժամանակ հայկական խաղաղ բնակչության դեմ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Իրականում տեղի էին ունենում հայերի սպանություններ էթնիկ ատելության շարժառիթով, խոշտանգումներ և այլ վայրագություններ: Այդ գործողության հետևանքով հայաթափվեց ավելի քան երկու տասնյակ գյուղ, տեղահանվեց գրեթե 10,000 մարդ, ավելի քան 100-ը սպանվեց: Ավելին, «Կոլցո» օպերացիայի արդյունքում 100 մարդ պատանդ ընկավ, իսկ շատերի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: