Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր: 

Հանդիպման ժամանակ դեսպանը մասնավորապես ասաց․ «Սյունիքում հյուպատոսարան բացելու նպատակը տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է…Շատ ենք կարևորում Հյուսիս-Հարավի Սյունիքով անցնող ճանապարհի կառուցումը…Չնայած կան երկրներ,որոնք չեն ցանկանում,որ Հյուսիս-Հարավի Միջանցքը անցնի Հայաստանով, բայց Իրանի համար դա կարևոր է։

Պետք է հարգել միջազգային սահմանները…Կովկասում շատ զարգացումներ են տեղի ունեցել, հատկապես ձեր մարզի հետ կապված, ինչի առիթով Իրանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: Մենք դեմ ենք միջանցքային տրամաբանությանը և պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Կողմերը խոսել են նաեւ հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։