Պոլսահայությունը մտահոգված է Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը կորցնելու հարցով:
2013 թվականին Թուրքիայի իշխանությունները չեղարկել էին ազգային փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Դրան հաջորդող տարիներին այդպես էլ նոր կանոնակարգ չհաստատվեց:
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը այսպես ներկայացրեց․«Այդ ժամանակ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցում, որը հիմնադրամի կարգավիճակ ունի, ընտրություններն առկախվեցին: Մինչև հիմա նոր կանոնագիր չկարողացան պատրաստել: Հիմա շշուկներ կան, որ նոր կանոնագիր կարող է լինել, սակայն միևնույն է, չենք կարողանալու հիվանդանոցի գործադիր խորհրդի ընտրություններ անցկացնել: Սա մեր ամենամեծ հաստատությունը գրավելու փորձ կարող է լինել: Խոսքը 188 տարվա հաստատության մասին է, որը համայնքը համարում է ազգային հիվանդանոց: Այն իր մեջ ունի նաև տարեցների խնամքի բաժանմունք»: