Արևմտյան Հայաստանի պատմության մեջ նշանակալից տեղ են գրավում Նախիջևան գավառն ու համանուն քաղաքը։ Դեռևս նեոլիթյան շրջանից սկսած քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են այդ տարածքում մարդու վաղնջական բնակության, նրա ստեղծած բազմադարյան մշակույթի վերաբերյալ։
Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայ ժողովրդի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հին դարերից պահպանվել ու մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ։