Արևմտյան Հայաստանում Դերսիմի կոտորածը սկսվեց 1937 թվականի մայիսի 4-ին։  

Թեև թուրքական կառավարությունը այս ջարդերը որակում է որպես պատժամիջոց անհնազանդ քրդերի  և ղզլբաշ ցեղախբերի դեմ, ըստ էության այն մի նոր ցեղասպանություն էր՝ մասնավորապես 1915 թվականի հայերի ցեղասպանությունից մազապուրծ փրկված և հայրենի բնօրրանում ծպտյալ կերպով ապրող հայերի դեմ։ 

Մեծածավալ ջարդերն ավարտվեցին 1938 թվականին։ 

Նախկին արտաքին գործերի նախարար,  Դերսիմի ջարդերի պատասխանատու Իհսան Սաբրի Չաղլայանգիլը իր հուշերում ասել է. «Նրանք ապաստանել են քարանձավներում։ Բանակը թունավոր գազ կիրառելով՝ առնետների նման թունավորում էր նրանց։ Այսօր վերջապես մենք հեշտությամբ կարող ենք մտնել Դերսիմ»։

1937-38-ին դերսիմցիների դեմ իրականացված գործողությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են կոտորվել։ Հազարավոր մարդիկ էլ  բռնի աքսորվեցին հայրենի հողից։ Դերսիմցի հազարավոր երեխաների, հատկապես աղջիկների, պոկելով  իրենց ընտանիքներից՝ որդեգրման հանձնեցին այլ ընտանիքների։

Թեև կոտորածից անցել է 85 տարի, սակայն բացված վերքերը դեռ չեն փակվել։