Մուստաֆա Քեմալը «ազատագրական պատերազմի» նպատակով Ամասիայում, Կարինում և Սեբաստիայում տեղի ունեցած համագումարներից հետո 1919 թվականի դեկտեմբերի 22-ին այցելում է Հունկար Բեքթաշ-ի Վելի Ալևի համայնքի առաջնորդների օթյակ, որպեսզի ստանա նրանց աջակցությունը՝ պատերազմին մասնակցելու համար։
Նա հանդիպում է ունենում Ահմեդ Ջեմալեթթին Չելեբիի հետ, ով այդ ժամանակ համայնքի շեյխն էր (Փիր կամ շեյխ՝ Ալևի համայնքի առաջնորդ-խմբ.)։ Ինչ-որ խոստումներ է տալիս նրան և ասում. «Եկեք զավթիչներին վտարենք մի հայրենիքից, հետո ես մտադիր եմ ստեղծել մի պետություն, որտեղ բոլորը կարող են վայելել իրենց ազատությունը»։ Նա նույնիսկ նշում է, որ այդ պետության անունը կոչվելու է Անատոլիայի Հանրապետություն։
Ջեմալեթթին Չելեբին դրական է ընդունում այս խոստումները և ասում . «Փաշա, մենք ձեզ հետ ենք այս պայքարում»:
Ասում են, որ առաջին անգամ նա համայնքի խնայողություններից երկու հազար Ռեշաթի ոսկի (օսմանյան պետությունից մնացած ոսկեդրամ) է նվիրել Մ.Քեմալին։
Սակայն, Մ.Քեմալի ցանկությունները միայն նյութական միտվածությամբ չեն սահմանափակվում։ Նա Ջեմալեթթին Չելեբիից ակնկալում է աջակցություն զինվորներ հավաքագրելու համար: Չելեբին առանց վարանելու մեկնում է Սեբաստիա, Թոքաթ, Ամասիա, Չորում գավառներ և ներկայացնելով Աթաթուրքի տված խոստումները, շատերին համոզում է զենք վերցնել և միանալ բանակին:
Այս առաջարկն իսկապես ժողովրդի կողմից ընդունվում է, և Ալևի համայնքը լուրջ մասնակցություն է ցուցաբերում դիմադրության շարժումներին։
Մուստաֆա Քեմալն այս խոստումները տվել է նաև Կարինի, Ամասիայի և Սեբաստիայի համագումարներին մասնակցած քրդական ցեղապետերին: Նրանցից մեկն էլ Սեբաստիայի Քոչգիրի գավառի ցեղապետերից Ալիշան բեյն էր։ Առիթից օգտվելով՝ նա նույնիսկ Ալիշան բեյին առաջարկում է դառնալ պատգամավոր։ Մուստաֆա Քեմալը մասնավորապես առաջարկում է, որ քրդերը միանան այս գործընթացին և խոստանում, որ ստեղծվելիք հանրապետությունում սահմանադրորեն երաշխավորված կլինեն քուրդ ժողովրդի բոլոր ժողովրդավարական իրավունքները։ Քոչգիրիի համայնքը, տուրք տալով այս խոստումներին, տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում Մ.Քեմալին:
Աջակցությունների այս գործընթացը շարունակվում է մինչև 1921 թվականի առաջին խորհրդարանական նիստը։ Երկրի հարավ-արևելքից եկող պատգամավորները գրանցվում են որպես Քուրդիստանի պատգամավորներ։ Ալևիներով խիտ բնակեցված Դերսիմից եկած պատգամավորներին առանձին թև է հատկացվում: Հարկ է նշել, որ այս արտոնությունները շատ կարևոր էին սահմանադրական և իրավական տեսանկյունից։
Սակայն, չգիտես ինչու, Մուստաֆա Քեմալը չի կանգնում իր ոչ մի խոստման հետևում, քանի որ, ինչպես պարզվում է, դա նրա իրական նպատակը չէր, պարզապես նա տակտիկապես օգտագործում է այս բոլոր լծակները՝ իր նպատակին հասնելու համար. ստեղծել Թուրքական պետություն՝ հիմնված մեկ էթնիկ ինքնության վրա:
Մուստաֆա Քեմալը, հաջողությամբ ավարտելով իր ծրագիրը, պետական կրոն է հայտարարում իսլամը՝ սուննի ուղղվածությամբ:
Ալևիներին տված ոչ մի խոստում նա չի կատարում՝ անտեսելով Ալևիություն դավանանքը: Ալևիները անհանգստանում են և հեռագրերի միջոցով մի քանի անգամ այդ մասին հայտնում են Քեմալին։ Վերջինս անդրդվելի է մնում իր որոշման մեջ:
Չնայած այս հեռագրերին և նամակագրությանը, Քոչգիրի ցեղի առաջնորդները նույնպես ոչ մի պատասխան չեն ստանում Անկարայից և 1921 թվականին հայտարարում են, որ Մ.Քեմալը չի կատարել իր խոստումները, հետևաբար՝ քրդերի և Ալևիների թշնամին է։ Դրանից հետո 1921 թվականին ցեղապետեր Ալիշերի, Զարիֆեի, Հայդար բեյի և Ալիշան բեյի գլխավորությամբ դիմադրություն և ապստամբություն է սկսվում այն ռասիստական, ֆաշիստական համակարգի դեմ, որը ցանկանում էր հաստատել Մուստաֆա Քեմալը։
Քոչգիրիի բնակչության դեմոկրատական պահանջներին լուծում տալու փոխարեն Մ.Քեմալը բանակի զինված ստորաբաժանումներին և կաղ Օսմանի ավազակախմբին ուղարկում է տարածաշրջան՝ ամենաարյունալի ձևով ճնշելու ապստամբությունը: Արդյունքում՝ հազարավոր մարդկանց կոտորում են և թալանում՝ գրեթե ոչ մի բնակելի տարածք չթողնելով ողջ մնացածների համար, իսկ ողջ մնացած բոլոր ցեղապետերին աքսորում են:
Մուստաֆա Քեմալը Քոչգիրիի կոտորածից հետո հայտարարում է, որ իր մշակած թուրք-իսլամական սինթեզի վրա հիմնված քաղաքականությունը կյանքի կկոչվի, եթե Ալևիները ձուլվեն իսլամին և երաշխավորում է, որ դա կիրականացվի համակարգված ձևով։
Հանրապետության հռչակումից հետո՝ 1924 թվականին, նա հիմնում է կրոնական գործերի կոմիտե՝ հիմնվելով սուննի իսլամի սկզբունքներին: Սակայն դրանով չի բավարարվում և 1925 թվականի նոյեմբերի 30-ին Թեքքեի և Զավիեի օրենքի անվան տակ (դերվիշական օթյակների, աղանդների արգելում, որոնք խոչընդոտներ են հասարակության համար՝ քաղաքակրթության ճանապարհին- խմբ.) ամբողջությամբ արգելում է ալևիական հավատքը։ Նա փակում է բոլոր օթյակները, որոնք կենդանի են պահում այդ հավատքը, և դրանց առաջնորդներին ներառում է ահաբեկիչ հանցագործների ցանկում։ Այսպիսով, այս օրենքով՝ ալևիական հավատքի դեմ պետք է պայքարի պետությունը։
Նա նույնիսկ ջնջում է Ալեւի համայնքի հիշողությունը՝ ստիպելով նրանց ամձնագրերի վրա գրել «իսլամ» բառը, որպեսզի կապ չունենան իրենց անցյալի հետ։
Այս բոլոր իրադարձություններից հետո Ալևի համայնքն այլեւս չի վստահում Մուստաֆա Քեմալին։
Դերսիմցիները չեն հանդուրժում իրենց հավատքի արգելքը: Գիտակցելով, որ Քոչգիրիի կոտորածից հետո հերթը իրենցն է լինելու, նրանք, առավել, քան երբևէ, ավելի ամուր են պաշտպանում սեփական հավատքը։
Այս բոլոր գործընթացները համակարգված իրականացնելով՝ Մուստաֆա Քեմալն այժմ անցնում է իր ծրագրի երկրորդ փուլին։ Նա 1935 թվականին ընդունում է Թունջելիի հատուկ օրենքը, որով միտումնավոր փոխում է Դերսիմի անունը՝դարձնելով Թունջելի։ Այնուհետև, Թունջելին, Երզնկան և Բյուրակնը ներառող Խարբերդում հիմնում է Նահանգապետի գլխավոր ռազմական գրասենյակը (1936թ. հունվարի 6): Աբդուլլահ Ալփդողանին նշանակում է Դերսիմի նահանգապետ և գլխավոր հրամանատար, ով բանակի հրամանատար Սաքալլը Նուրեթթին փաշայի փեսան էր: Վերջինս կոտորել էր Քոչգիրիի խաղաղ բնակիչներին։
Դրանից հետո տեղի են ունենում պատմությունից հայտնի իրադարձությունները։ Պատմական իրողությունները հաստատում են, որ նենգ ծրագրերով հորինված թեզով փորձում են մեզ հավատացնել, թե իբր Դերսիմում ապստամբություն է եղել, մինչդեռ իշխանության հիմնական խնդիրն էր ամայացնել այդ աշխարհագրությունը և արմատախիլ անել Ալևիների հավատքը: Ցեղասպանությունից փրկվածներին աքսորում են երկրի տարբեր վայրեր՝ իրենց մշակութային ինքնությանը կրկին չհանդիպելու կամ ավելի հեշտ ձուլվելու համար։
Չնայած այն բոլոր դաժանություններին և ցեղասպանությանը, որ կիրառեց Մուստաֆա Քեմալն Ալևի համայնքի հանդեպ, դեռևս կա ալևիների մեծ զանգված, որը պաշտպանում է նրա հիմնադրած Հանրապետությունը՝ որպես աշխարհիկ հանրապետություն: Հիմա այս շփոթված ալեւիներին ուզում եմ տալ հետեւյալ հարցը. ՝՝Կամ մեր վերևում նշած բոլոր պատմական փորձությունները սուտ են, կամ էլ ձեր համոզմունքը հիմնված չէ տեղեկատվության, փաստաթղթերի և պատմական իրականության վրա: Ի՞նչ եք կարծում, աշխարհիկության մեր պատկերացումը կապ ունի՞ այս ամենի հետ՝՝:
Վերջում ուզում եմ ավելացնել, որ թեև Ալևիներն ու քեմալականները կողք կողքի նույն ՝՝կաթսայում՝՝ քաղաքականություն են վարում, միևնույն է, այն հակասում է բնության կանոններին, քանի որ քեմալիզմը ֆաշիստական մտածելակերպ ունի, որը մերժում է բազմամշակութայնությունը, բազմալեզվությունը, բազմադավանությունը:
Սաբրի Քարաման