Սեփական ժողովրդի ցավն իր մեջ կրող, արդարության պայքարի համար իր կյանքը տված պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կյանքն ու գործունեությունը կներկայացվի Հայաստանում:
Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին նրա կյանքն ու պայքարը ներկայացնող ցուցահանդեսը սկսում է իր ուղևորությունը Երևանից: «Հրանտ Դինք» հիմնարկի նախաձեռնությամբ «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում մայիսի 7-ից իր դռները կբացի «Հրանտ Դինք․ հոս և հիմա» խորագիրը կրող ցուցահանդեսը:
«Հրանտ Դինք» հիմնարկի «Հայաստան — Թուրքիա» ծրագրի համակարգող Թալին Սյուզմեն նշեց, որ ցուցահանդեսը Կոստանդնուպոլսում «Ակոս» թերթի նախկին խմբագրատան՝ նրա սպանության վայրում հիմնված Հրանտ Դինքի «23,5» կոչված հուշավայրի քաղվածքն է և շարունակությունը։