«Ավրորայի արշալույսը» անիմացիոն վավերագրական ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա ANNECY-ում՝ աշխարհի ամենահայտնի անիմացիոն փառատոնում։ Bars Media-ի հաղորդմամբ՝ «Ավրորայի արշալույսը» ընտրվել է գեղարվեստական ֆիլմերի մրցութային ցուցադրությանը։
Bars Media-ի հայտարարության մեջ ասվում է. «Հասկանալով, որ ֆիլմը մեծ ներդրում կունենա հայկական ջարդերի մասին տեղեկատվության տարածման գործում, յոթ տարվա աշխատանքից հետո վերջապես աշխարհին ենք ներկայացնում Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը, ով ցեղասպանությունից հետո որոշեց սեփական ցավը ապրեցնել հոլիվուդյան համր ֆիլմում»։
Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Իննա Սահակյանը։
Հիշեցնենք, որ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանը մի դեռատի աղջնակ էր, ով ականատես եղավ եւ իր մաշկի վրա զգաց ցեղասպանության սարսափելի հետևանքները։
Ցեղասպանությունից մեկ դար անց նրա կյանքի պատմության մասին գրվում են բազմաթիվ հոդվածներ, լույս են տեսնում ռեպորտաժներ, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Ավրորայի անվան մրցանակը երախտիքի խորհրդանիշ է, որ տրվում է մարդասիրական քայլերի համար։