Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանի վարչակազմի պատասխանատուներին և մի շարք համայնքների ղեկավարների, որոնք ստեղծված իրավիճակում շարունակում են կատարել իրենց գործառույթները: «Հատուկ անդրադարձ է կատարվել 2020 թվականից առ այսօր տեղահանված պետական հիմնարկների պահպանման համար պետական բյուջեից հատկացվող գումարների և դրանց տրամադրման նպատակների վերանայման անհրաժեշտությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տեղահանված տարբեր պետական կառույցներում հաստիքների սպասվող կրճատումների նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ՝ սոցիալական արդարության և զբաղվածության խթանման սկզբունքների պահպանումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն էլ այդ որոշումների վերաբերյալ շահագրգիռ քննարկումների կազմակերպումն է, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին սեղմ ժամկետներում գործնական առաջարկություններ ներկայացնել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով բարձրացված կարիքներն ու խնդիրները։