Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի պատմական Սուր թաղամասում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը հայ համայնքի՝ Մերձավոր Արևելքում ամենամեծ եկեղեցին է, 7 տարի անց վերաբացվել է։

Պատարագը մատուցվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մասնակցությամբ։ Ծեսը սկսվել է տարիներ անց հնչող զանգերի ղողանջով:

Երկար տարիներ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին հայ համայնքի ջանքերով և Տիգրանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ վերանորոգվել և 2012 թվականին բացվել էր: Սակայն պատմական եկեղեցին կրկին փակվեց  այցելուների համար՝  2015-2016 թվականների հակամարտությունների ժամանակ վնասվելու պատճառով։

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին կառուցվել է 1376 թվականին։ Նախկինում պատմական  Սուր գավառի՝ մեծաթիվ հայերով բնակեցված թաղամասում կառուցված եկեղեցին հայերին ծառայել է մինչև 1915 թվականի ցեղասպանությունը: