12-րդ դարի կեսերից հայ գրականության մեջ տեղի են ունենում նկատելի փոփոխություններ: 13-14-րդ դարերում Կոստանդին Երզնկացու և Հովհաննես Թլկուրանցու տաղերով սկզբնավորվում է, իսկ հետագայում բանաստեղծներ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպրի և Սայաթ-Նովայի մեծ վաստակով կատարելագործվում և վերջնականապես ձևավորվում է հայ սիրերգությունը: Ստեղծվում են Ֆրիկի սոցիալական տաղերը: Գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը՝ միջին հայերենը: Այս նոր հոսանքը ներկայացնող ստեղծագործողների մեջ առանձնակի տեղ են գրավում Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին: 13-րդ դարի սկզբում Հյուսիսային Հայաստանում՝ Զաքարյան իշխանական տան հովանու ներքո, ստեղծվում է Հայոց աշխարհիկ իրավունքի անդրանիկ ժողովածուն՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որտեղ հեղինակը քննարկում է իրավունքի տեսությանն ու գործնական կիրառությանը վերաբերող հարցեր: Դեռևս միջնադարում Գոշի «Դատաստանագիրքը» թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով՝ դարեր շարունակ կիրառվելով ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Լեհաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հնդկաստանում: