Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի Հանրապետությունում գործող մի շարք շինարարական կազմակերպությունների պատասխանատուների։

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քննարկվել են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, ինչպես նաև իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերին վերաբերող հարցեր։

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը մտադրված է ամբողջ ծավալով շարունակել նախանշված ծրագրերի իրականացումը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, դրան զուգահեռ, ընդլայնվելու են շահագրգիռ պետական մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները։

Leave a Reply