Արևմտյան Հայաստանի Մարդին նահանգի Դերիք գավառում 372 տարի առաջ կառուցված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում 20 տարի անց պատարագ է մատուցվել՝ Կեստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի նախագահությամբ։
Եկեղեցին, որը գտնվում է Դերիք գավառի Քալե թաղամասում և ըստ որոշ տվյալների կառուցվել է 1650 թվականին, 1915 թվականից հետո պետականացվել է։ 1957 թվականին այն գնվել է շրջանի հայ համայնքի կողմից և գրանցվել Դերիքլիի հայ բնակիչ Կարապետ Քեչեջիի անունով։ Նրա մահից հետո եկեղեցին փոխանցվել է ժառանգներին։ Եկեղեցու վերջին վերանորոգումն իրականացվել է 2004 թվականին, որտեղ մոտ 20 տարի պատարագ չի մատուցվել՝ բավարար այցելուներ չլինելու պատճառով։