Գլակա վանք (Մշո Սուրբ Կարապետ), վանքային համալիր Արևմտյան Հայաստանի՝  Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, եղել է հեթանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։

Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։ Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը, որը ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանն է՝  Ս. Էջմիածնից հետո։ Վանքի համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար։ Վանքն ունեցել է հինգ մատուռ և տասը խորան։ Զանգակատանը կախված են եղել չորս մեծ զանգակներ։

1896-ից վանքին կից բացվել է որբանոց և դպրոց՝ 45 աշակերտով, գրադարան։ XIX դ․ և XX դ․ սկզբին վանքն ունեցել է ընդարձակ եկեղեցաթեմ, որն ընդգրկում էր Տարոն, Վարդո, Ճապաղջուր, Խնուս, Բուլանըխ, Կեղի և այլ գավառների հայաբնակ բնակավայրերը։

Վանքը մեծ արհավիրքների է ենթարկվել 1915-ին և 1918-ին։  Ցեղասպանության օրերին Տարոնի հայության մի զգալի մասը ապաստանել է վանքում և մոտակայքի անտառում, երկու ամիս դիմադրել թշնամու գերակշիռ ուժերին։ Հաջողվել է պահպանել այնտեղ եղած արժեքավոր հուշարձանները, այդ թվում և 1750 ձեռագիր, որոնք հաջողվել է տեղափոխել Էջմիածին։ Վանքն այժմ ավերված է։