Բանաստեղծ Զահրատը (Յալտըզճյան Զարեհ) ծնվել է Կոստանդնուպոլսում 1924 թվին։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Կոստանդնուպոլսի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։  Հաջորդաբար լույս է ընծայել տարբեր այլ ժողովածուներ։

Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն: