Հայկեան Սրբազան Տոմարի Ահեկան ամսվա Լուսնակ օր՝ մայիսի 13  (այս տարի մայիսի 12)

Մայր բնության տոն. Հովանավոր՝ Անահիտ Դիցամայր

Արեգ ամսվա Արեգ օրվա (մարտի 21) Ամանոր-Զատիկից 54 օր անց, տոնվում է տարվա առաջին սատար տոնը, որը կոչվում է Ծաղկազարդ:

Ծաղկազարդը մայր բնության ծաղկման արեգակնային անշարժ տոնն է: Տոնի արեւածագից առաջ, կեսգիշերին արդեն երկնքի գագաթին հայտնվում է Կույսի համաստեղությունը, որը նաև հայտնի է Հասկ համաստեղություն, որը նույնպես Անահիտ Դիցամոր խորհրդանիշն է, և հետևաբար տոնն իգական բնույթ ունի:

Ավանդության համաձայն, տոնի նախորդ օրը, աղջիկներն առավոտյան կժերով գնում են յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, յոթ ծառի տերև և յոթ առվակի քար հավաքում: Իսկ կեսգիշերին կժերը դաշտում, կամ հետագայում նաև տան տանիքում թողնում էին բաց երկնքի տակ՝ ի տես լուսնին և աստղերին, որ նրանք իրենց մոգական զորությունները փոխանցեն ջրին:

Առավոտյան այդ ջրից մի կում խմում, տան շեմին լցնում և մնացածը վիճակ կուժի մեջ լցնում: Բոլորն իրենց անձնական մի իր գցում էին այդ կուժի մեջ և հետո վիճակ քաշում, մի իր հանում  կժից, և ում իրը դուրս էր գալիս, կարդացած վիճակը նրանն էր լինում: Օրվա ընթացքում տները զարդարվում էին ծաղիկներով, աղջիկները ծաղկե պսակներ էին կրում և Անահիտ Դիցամոր արձանը ծաղիկներով զարդարված շրջում էին փողոցներով:

Ծաղկազարդը մեծ շուքով, ազգային երգ ու պարով էր տոնվում նաև Անահիտ Դիցամոր և Աստղիկ Դիցուհու տաճարներում:

Քուրմ Յարութ Առաքելեան

Leave a Reply