ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել. «Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները: Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):

Օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանցիների կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող հողերի մեծ մասը և ադրբեջանցիները հրաժարվում էին վերադարձնել: 

Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի պատճառով:

Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում: Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ»: