1915-ի գարնանը աքսորյալների շարասյուներն սկսեցին անցնել Ուրֆայով, որը տեղի հայերի  մոտ մտահոգություն առաջացրեց։ Կարճ ժամանակ անց Ուրֆայում սկսվեցին հայերի  ձերբակալություններն ու տների խուզարկությունները։ Ուրֆայի հայկական Գերմուշ քաղաքի երիտասարդները  այլ շրջաններից տարագրված հայ երիտասարդների հետ միասին բարձրացան Սուրբ Հովհաննես լեռը, որտեղ սկսեցին պատրաստվել դիմադրության՝ ընդդեմ ցեղասպանության։

Գրող Զիյա Չալըշքանը, ով  ուսումնասիրում է Ուրֆայի հայ ժողովրդի պատմությունը, իր կատարած ուսումնասիրության շնորհիվ լույս է սփռում այսօր արդեն մոռացված Սուրբ Հովհաննես լեռան վրա Ուրֆայի հայ երիտասարդների՝ ցեղասպանության դեմ կազմակերպած ինքնապաշտպանության դեռևս չլուսաբանված մանրամասների վրա։ 

Զիյա Չալըշքանը այսպես պատասխանեց մեր հարցերին․

Կարո՞ղ եք որոշ տեղեկություններ տալ վերոնշյալ Գերմուշ քաղաքի և Սուրբ Հովհաննես լեռան մասին

Ուրֆայից 5 կիլոմետր դեպի արևելք գտնվող Գերմուշը 1900-ականներին հայկական քաղաք էր, այնուհետև դարձավ Ուրֆայի կենտրոնին ենթակա Դաղ Էթեյի կոչվեղ թաղամասը։ Սուրբ Հովհաննես լեռը գտնվում է Գերմուշ քաղաքի հյուսիսում։ Այսօր ժողովրդական լեզվով կոչվում է Չիայե Սիրփ Վանեշ (Çiyaye Sirp Vaneş):

Որտեղի՞ց գիտեք, որ այս լեռը հայ երիտասարդների համար վերածվել է ցեղասպանության դեմ դիմադրության կենտրոնի

Առաջին անգամ հանդիպեցի մի գրքում: Այնտեղ ասվում էր, որ հայ երիտասարդները, հավաքվելով Ուրֆայի մոտ գտնվող Սուրբ Հովհաննես լեռան վրա՝ կազմակերպել են դիմադրություն ցեղասպանության դեմ։ Սակայն տեղեկություն չկար, թե կոնկրետ որտեղ է գտնվում լեռը։ Այսպիսով, ես փորձեցի պատկերացում կազմել, թե որտեղ է այս լեռը:

Ուրֆայի կենտրոնում՝ հայկական թաղամասին մոտ գտնվող տարածքներում նման անունի չհանդիպեցի։ Նույն վայրում գտնվող Տեր Հակոբ վանքում և շրջակայքում լեռան մասին հիշատակման  որևէ արձանագրություն չկար: Քաղաքի արեւելյան եւ հարավային կողմերը հարթավայրային են։ Լեռը, որտեղ ապաստանել էր հայ երիտասարդությունը, պետք է այլ վայրում  լիներ։ Միայն մեկ գրքում էր նշված լեռան անունը,  բացի դրանից այլ գրառում չկար:

Լեռան անունը պատահաբար լսեցի մի գյուղացուց։ Նա պատմեց, որ դա հին հայկական Գերմուշ քաղաքից դեպի հյուսիս գտնվող բարձր լեռնազանգված է։

Առաջին իսկ հնարավորության դեպքում նրա հետ ճանապարհ ընկանք։ Մենք բարձրացանք լեռը: Թեև հեռվից հեշտ էր թվում, իրականում  այն շատ բարձր լեռ էր։

Ինչերի՞ հանդիպեցիք սարի վրա

Առաջին ուշագրավ պատկերը ժայռերի դասավորությունն էր՝ կարծես պաշտպանական դիրքերի համար օգտագործված լինեին: Անընդհատ մտածում էի, որ Սուրբ Հովհաննես անունը կապված է շատ հին ժամանակների պատմության հետ։ Ժայռի գագաթին՝ մշակված աղյուսների առկայությունը ապացուցեց, որ ես ճիշտ եմ։ Հարավային կողմում, Գերմուշին նայող հատվածում կանոնավոր փորագրված ժայռափոր քարանձավի և շինությունների ավերակները ցույց էին տալիս, որ դա շատ հին պաշտամունքի վայր է եղել։ Ժայռերի մեջ փորված ջրի հորեր կային։ Ժայռերը խնամքով հղկված էին, որպեսզի տաճարը պաշտպանված լիներ անձրեւաջրերից: Ժայռերի վրա հայերեն գրություններ կային։

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են սկսում իրենց դիմադրությունը Գերմուշի երիտասարդները

Դեպքերի ականատես, ծնունդով Գերմուշից Մկրտիչը  ինձ այսպես նկարագրեց այդ օրերը. «Գյուղերում սկսեցին հայտնվել տարբեր քարավաններ։ Նրանք գալիս էին Տիգրանակերտից, Խարբերդից, Սիվերեքից։ Երբ մարդիկ հասան մեզ, պատմեցին ջարդերի մասին. այդ վայրերում տղամարդիկ սպանվել էին, բոլորին ստիպել էին լքել իրենց տները, իսկ կանանց ու երեխաներին՝ ուղարկել անապատ։ Ավելի ուշ մի քանի տղաների ուղարկել էին մեր քաղաք։ Ուրֆան և նրա գյուղերը լցվել էին հայ գաղթականներով։ Հայերի մեծ մասը նրանց տարել էր իրենց տները։  

Այս զարգացումների արդյունքում օսմանյան բանակի սպա դարձած Ուրֆայի հայերը պաշտպանվելու տարբեր միջոցներ մտածեցին։ Բանակը լքած հայ սպաները և շրջակա տարածքից հավաքված երիտասարդները հավաքվում էին Սուրբ Հովհաննես լեռան վրա։ Մի կողմից դիմադրության էին պատրաստվում, մյուս կողմից՝ սպաների ուղղորդությամբ հրաձգային վարժանքներ էին անցկացվում։ Իմանալով այս մասին, տարբեր շրջաններից հայ և ասորի երիտասարդներ էին գալիս այստեղ՝  մասնակցելու դիմադրության նախապատրաստական ​​աշխատանքներին։ Իհարկե, երբ այս իրավիճակը հայտնի դարձավ օսմանյան իշխանություններին, պետական ​​պաշտոնյաներն անմիջապես սկսեցին միջոցներ ձեռնարկել դրա դեմ՝ Սուրբ Հովհաննես լեռան հնարավոր դիմադրությունը պետք է ճնշվեր մինչև այն սկսելը։ Մի օր այդտեղ եկավ մի հսկայական զորախումբ՝ հազարավոր զինված  մարդկանցով: Սկսվեց զինված բախումը: Մինչև կեսգիշեր մարտը շարունակվեց։ Մեր տղաներն էլ էին կրակում։ Ինտենսիվ բախումների արդյունքում բազմաթիվ ազատամարտիկներ զոհվեցին։ Ոմանց հաջողվեց փախչել։ Լուսաբացին դիմադրությունը դադարեց։ Հաջորդ օրը տիպիկ պետական-դասական սցենարով բանակի ղեկավարը հրամայեց բոլոր տղամարդկանց հավաքվել եկեղեցում։ Բոլոր տղամարդիկ կատարեցին հրամանը: Նրանց ստիպում էին ասել, թե ովքեր են գտնվում սարի վրա։ Թուրքերն այս մարդկանց մեջ գտնվող մեր գյուղից երեսունհինգ երիտասարդի ընտրեցին, զույգ-զույգ կապեցին ու տարան Ուրֆա»:

Ի՞նչ տեղի ունեցավ Գերմուշում դիմադրությունից հետո

Դիմադրությունից և 1915 թվականի ջարդերից հետո Գերմուշն ամբողջությամբ դատարկվում է։ Հյուսիսից Հարրանի հարթավայրին նայող կանաչ տեսարանով, բազմաթիվ և բազմազան պտղատու ծառերով ու այգիներով, հիանալի ճարտարապետությամբ կառուցված քարե տներով հարուստ Գերմուշը կարճատև ժամանակ անց՝ հանրապետության կազմավորումից հետո նվիրաբերվում է իր նոր տերերին: Ասում են, որ այն նվիրվել է Ուջեյմի Սադուն փաշային՝ հաշվի առնելով անկախության պատերազմում նրա ցուցաբերած  մասնակցությունը։ Ուջեյմի Սադուն փաշան  սերում էր  բեդվինների ընտանիքից, որը  Մեքքայից գաղթել էր Իրաք։ Ներկայումս գյուղում ապրում են նրա հետնորդները և որոշ արաբ բնակիչներ։

Այսօր, բացի  կիսավեր մնացած հայկական եկեղեցիներից ու հայերին պատկանող քարե տների ավերակներից, այն ժամանակ տնկված ձիթենու այգիներն էլ են մնացել: