Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը 2022թ. մայիսի 19-28-ը Արցախում կազմակերպում է մշակութային մեծ փառատոն, որի շրջանակում տեղի են ունենալու թատերական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություն, ազգային պարի բաց դասեր, մշակութային քննարկումներ և ռազմահայրենասիրական մեծ համերգ:

«Արցախն ապրում է» խորագրով փառատոնի անմիջական հովանավորն է Genesis Armenia-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանը՝ տիկնոջ՝ Աննա Դադասյանի հետ միասին։ Մշակութային փառատոնը տեղի է ունենալու Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի բարձր հովանավորությամբ։ Փառատոնի նպատակն է նոր շունչ տալ հետպատերազմական Արցախի մշակութային կյանքին, ամրապնդել հավատը սեփական ուժերի նկատմամբ, նպաստել հոգևոր արժեքների զարթոնքին։

Մայիսի 19-24-ը Համազգային թատրոնի դերասանները կլինեն Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի քաղաքներում, Ճարտար և Աղավնո համայնքներում, այնուհետև դերասանները հանդիպում-քննարկումներ կունենան պետական կառույցների, մշակույթով հետաքրքրված գործիչների ու հանդիսատեսի հետ։